Մալենայի հոր վերաբերմունքը դստերը․ նման բան ոչ ոք չէր սպասում

Դերասանուհի Աննա Մանուչարյանը նախորդ տարի իրականացրեց իր վաղեմի երազանքն ու ընդունվեց Երևանի պետական Կամերային թատրոն: Դերասանուհու ստեղծագործական կյանքում դա սպասված նորություն էր, որի պտուղներն արդեն քաղում է: Tert.am Life-ի հետ զրույցում նա պատմել է թատրոն մուտք գործելու, խաղընկերների հետ հարաբերությունների, ինչպես նաև «Նռան հատիկ» հեռուստասերիալում իր կերպարին առնչվող անսպասելի զարգացումների մասին: Աննան նշեց, որ Կամերային թատրոն իր մուտքն ազդարարվել է «Կաբարե» ներկայացմամբ, որն արդեն 36 տարվա պատմություն ունի և թատրոնի այցեքարտը համարվող ներկայացումներից մեկն է: Դերասանուհին ներգրավված է նաև «Կառավարական համերգ» ներկայացման մեջ: Երկու բեմադրության մեջ էլ նա փոխարինում է թատրոնի մեկ այլ դերասանուհու` Հրաչուհի Ամիրյանին, որն այս շրջանում ֆիզարձակուրդում է:

«Ծավալուն ներկայացումներ են, սովորելու առումով նյութը շատ խիտ է՝ երգերը, պարերը, բայց փորձում ենք հնարավորինս արագ անել ամեն բան, որպեսզի ներկայացումները վերականգնվեն թատրոնի խաղացանկում։ Իմ խաղացած առաջին ներկայացումը չեմ համեմատի, օրինակ, հինգերորդի հետ, որովհետև առաջին բեմելիս դեպքում ժամանակը շատ քիչ էր, որպեսզի լիարժեք ընդգրկվեի «Կաբարեի» մեջ, փորձում էի յուրացնել տեքստերը, բոլոր ջանքերս ներդնել, որպեսզի ինձ արդարացնեմ: Սկզբում փոքր-ինչ դժվար էր, բայց հիմա հարմարվել եմ և ինձ ավելի լավ եմ զգում: Հիմա պատրաստում ենք «Շոու համար 3» ներկայացումը»,- պատմեց Աննան:

Դերասանուհին նշեց, որ թատրոնի խաղընկերներն իրեն ջերմ ընդունելության են արժանացրել, ինչի շնորհիվ հեշտությամբ է ինտեգրվել թիմին. «Շատ գոհ եմ իրենց ընդունելությունից, այնպես է, ինչպես պատկերացնում էի: Բոլորին ճանաչում եմ, ոմանց հետ նաև աշխատել եմ, իսկ թատրոնի դերասանուհիներից երկուսը՝ Էվա Խաչատրյանն ու Հրաչուհի Ամիրյանը, իմ համակուրսեցիներն են եղել: Շատ կարևոր է նաև քո տրամադրվածությունը: Եթե դրական ես տրամադրված, լարվածություն չես փնտրում ու չես էլ տեսնում»: Աննան նկատեց, որ ուսանողական տարիներին, երբ սովորում էր Արմեն Էլբակյանի կուրսում, զբաղվածություն ունեցել է ուսանողական ներկայացումներում, սակայն դրանից հետո թատրոնում լուրջ գործունեություն ծավալելու հնարավորություն չի ունեցել: «Ես շատ լավ գիտակցում եմ, որ թատրոնում պիտի անձնվիրաբար աշխատես, այն շատ ժամանակ է պահանջում։ Այն ժամանակ դրա հնարավորությունը չունեի, որովհետև երեխաս փոքր էր, նաև խնդիր ունեի գումար վաստակելու, հիմա Արփիս արդեն ինքնուրույն է, ու ես կկարողանում եմ ինձ թույլ տալ այդ շռայլությունը»,-ասաց նա: Խոսելով հեռուստատեսային գործունեության մասին՝ Աննան նշեց, որ «Նռան հատիկում» իր նկարահանումները կարողանում է համատեղել թատրոնի աշխատանքի հետ:

Դերասանուհու խոսքով, սերիալում տեղի ունեցող զարգացումներն անսպասելի շրջադարձերի են հանգեցնում նաև իր հերոսուհու կյանքում. «Իմ կերպարը հիմա շատ ավելի հոգեհարազատ է ինձ, քան այն ժամանակ, երբ նոր էի սկսել այն կերտել: Կերպարը հասունանալով փոխեց ուղղվածությունը, հերոսուհուս՝ Մեգիի բնավորության գույները բացվեցին, հեռուստադիտողը հնարավորություն ունեցավ մակերեսային շերտից բացի տեսնել, թե ինչպիսին է նա, ինչ սկզբունքներով է առաջնորդվում: Ինչ-որ առումով անսպասելի բացահայտումներ են լինում»: Աննան կարևորեց մեծ լսարան ունեցող և վարկանիշային հեռուստասերիալներում ներկայանալը՝ նկատելով, որ դա նաև առաջարկն ընդունելու հարցում է կարևոր դեր ունեցել։ «Քանի որ ես աշխատում եմ «Արմենիա TV»-ում, բնականաբար, բոլոր առաջարկներն էլ իրենց որակով պիտի լավը լինեն, որովհետև այս հեռուստաընկերությունը փորձում է բարձր որակով նախագծեր ներկայացնել հեռուստադիտողին: Տվյալ դեպքում, ես ավելի շատ կենտրոնանում եմ, թե ինչ կերպար է առաջարկվում ինձ: Սկսնակների հանդեպ հարգանքով եմ լցված ու պատրաստակամ եմ իրենց հետ աշխատելու։ Իհարկե, ավագ սերնդի ավելի փորձառու մարդկանց հետ համագործակցելն էլ ոչ միայն հաճելի է, այլև ուսանելի»,-եզրափակեց նա: